BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Հենց բան չկա ասելու, հիշում են իմ տարիքն ու երիտասարդ չլինելուս հանգամանքը»

«Հենց բան չկա ասելու, հիշում են իմ տարիքն ու երիտասարդ  չլինելուս հանգամանքը»
24.01.2014 | 00:28

Կարեն ԱՎԱԳՅԱՆ
(ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

-Ալո՞, Կարեն Ավագյանի գրասենյակի՞ց է:
-Այո՜:
-Ներեցեք, Ձեզ հետ խոսում է Կարմեն Դավթյանի «գրասենյակը»։ Կրկին ներեցեք, որ Ձեր գրասենյակի հարաժամ ռիթմը խաթարում ենք, և այնուհանդերձ, չե՞ք ասի` ինչով է զբաղված գրասենյակը:
-Գրասենյակն այս պահին ընթացիկ պարտականությունների մեջ է` երիտասարդության խնդիրներին առնչվող:
-Մե՞ծ է անձամբ Ձեր և գրասենյակի միջև տարիքային տարբերությունը:
-Մենք երկուսս էլ փաստացի շատ երիտասարդ ենք: Մի մոռացեք հոգով երիտասարդ լինելու գործոնի մասին. ինքս մշտապես հոգով երիտասարդ եմ:
-Կներեք, բայց նաև ասում ու խաբում էին մեր և էլի լիքը սերունդների, թե Իլյիչը կենդանի է, Իլյիչը «մավզալեյում» է, ո՞վ է ասում` մեռել է…
-Գիտե՞ք, հենց բան չկա ասելու իմ և իմ գրասենյակի մասին, հիշում են իմ տարիքն ու երիտասարդ չլինելուս հանգամանքը, որն այս դեպքում առավելություն է և ոչ թերություն:
-Քանի՞ տարեկան եք, պարոն Ավագյան:
-Երեսունինը:
-Այդքան երիտասարդ և արդեն գրասենյակ ունե՞ք: Ի դեպ, «մույս» երիտասարդ Աշոտյանն ավելի դասական ձևակերպում էր «գտել» այդ առնչությամբ: Կարո՞ղ է նա իր գտած երիտասարդության էլիքսիրի սրվակից մի քանի կաթիլ էլ Ձեզ է տվել:
-Ոչ: Ես` ինքս:
-Հա, է՛լի, ես էլ մտածում եմ, որ նա դժվար տված լիներ, «սաղ» իրեն պահած կլիներ: Բայց և, պարոն գրասենյակ, օ՜յ, ներեցեք, պարոն Ավագյան, ինչպես երևում է, Ձեր գրասենյակը բավականին ժամանակ պարապուրդի է մատնված: Էլ «մեթան գազ չեք երկրպագո՞ւմ»:
-Սխալվում եք: Գրասենյակը բավականին ակտիվ է և զբաղված է իր բուն գործունեությամբ. ես չգիտեմ, Դուք հետևո՞ւմ եք գրասենյակի աշխատանքին, թե ոչ, այնուհանդերձ, մենք շատ ակտիվ գործունեություն ենք իրականացնում:
-Կներեք, բայց շատերս Ձեր գրասենյակի մասին տեղեկացանք, երբ Դուք դեմ հանդիման կանգնեցիք ներքաղաքական «դզոտին»:
-«Դեմ հանդիման», էլ առավել «դզոտ», չի եղել. երիտասարդությունը, որը ներկայացնում է մեր գրասենյակը, քաղաքական գործընթացների առնչությամբ իր կարծիքն էր հնչեցրել ընդամենը:
-Բայց դա Ձեր կարիերայի պիկն էր, կարծես:
-Էդ ինչո՞ւ: Մեր երիտասարդները վարձու աշխատողներ չեն:
-Էդ ո՞ւմ բոստանն ու հանդերը քար նետեցիք։
-Ընդհակառակը, մենք այդ այգի-բոստանները քարերից ենք մաքրում:
-Ո՞Ւմ մասին են աղաղակում ձեր հավաքած քարերը, պարոն Ավագյան, վերջին դասի՞:
-Քարերն իրենց մեջ հետաքրքիր ինֆորմացիաներ են պարունակում, մենք այդ ինֆորմացիաները պահում-պահպանում ենք սրբորեն:
-Դուք արդեն զբաղվել միստիկա՞:
-Ձեր «գրասենյակի» հետ շփվելուց հետո դժվար է «չզբաղվել միստիկա»:
-Եվ, այնուհանդերձ, վերադառնանք պրագմատիզմին, ինչպես կասեր «վերջին դասի» երիտ-Վահան Բաբայանը: Կարո՞ղ ենք ասել, որ Դուք հայտնվեցիք Ձեր կարիերայի պիկում, երբ հեռուստաեթերներում մի հատված Քոչարյանից էին մեջբերում, մի հատված` Ձեզնից, հետո գնում, սուրճը դնում էին գազօջախին, գալիս` մի հատված Ձեզնից էին մեջբերում, մի հատված` Քոչարյանից, և այդպես` մի քանի օր շարունակ:
-Դա որևէ կապ ունե՞ր կարիերայի հետ:
-Դուք Ձեր «ստատուսով» հավասարվում էիք երկրորդ նախագահին:
-Ես այդպես չեմ համարում: Եվ հետո, ես իմ կարիերան տեսնում եմ իմ մասնագիտության ոլորտում:
-Անկե՜ղծ չէ, անկե՛ղծ չէ Կարեն Ավագյանի «գրասենյակը»:
-Ասեմ, որ դա ինչ-որ առումով, այո, ինձ դուր էր գալիս, բայց ոչ մի կապ չուներ իմ կարիերայի հետ:
-Հատկապես ո՞ր պահը Ձեզ շատ դուր եկավ. մեթանի՞, գազի՞, թե՞ երկրպագուի:
-«Երկրպագուի», բայց… մեր Հայաստան երկրի:
-Դառնանք միստիկային, պարոն Ավագյան, քանի որ արդեն «միստիցիստ» եք, իմաստնությունն էլ էնտեղ ասում է, որ մեր շուրջը կատարվում է այն, ինչ մեր ներսում է, Դուք, փաստորեն, ներքին, թաքուն մղումներ եք, հա՞, ունեցել նախկին նախագահ և երիտասարդ թոշակառու դառնալու:
-«Իզմով» բառերը և երևույթները չեմ սիրում մեկնաբանել:
-«Իզմ» չէր, «ցիստ» էր:
-Հայերենով` «իզմ» է: Ինչ վերաբերում է ներքին արտահայտմանը, ապա ինքս և իմ գրասենյակը մշտապես առաջնորդվել ենք բաց, թափանցիկ գործելաոճի սկզբունքով:
-Հա, ճիշտ որ, մանավանդ էն փուչիկները` շատ թարմ էին ու թափանցիկ։ Լավ, որպեսզի «պոզիծիվ» (հանց կասեր պարոն Քոչարյանը) նոտայով ավարտենք մեր երկու գրասենյակների նոր սկսվող բարեկամությունը, խնդրեմ, Ձեր վերջին խոսքը:
-Որպես ամփոփում, ասեմ. մեր «գրասենյակ» ձևակերպումը մասամբ հումորով էր արված, սակայն շատ մարդիկ ու լրատվամիջոցներ ճիշտ չհասկացան այդ հումորի իմաստը:
-Օգնեք նվաստներիս, ընկածներիս, տառապյալներիս:
-Դա ևս մի կարծիք էր, որը եկավ լրացնելու մնացած կարծիքները:


Ճեպահարեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 2026

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ